2009 թվականի երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 10%-ով ավելացել է 2008թ. համանման ժամանակահատվածի համեմատությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը: Անցյալ տարի առաջին անգամ ԼՂՀ են այցելել զբոսաշրջիկներ Մոզամբիկից, Գայանայից, Մավրիտանիայից, Վենեսուելայից: Այցելուների շրջանում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Հնդկաստանի, ԱՊՀ երկրների` մասնավորապես Ռուսաստանի եւ Թուրքմենստանի քաղաքացիները:
Այս տվյալները վկայում են այն մասին, որ արտասահմանյան երկրների և նրանց քաղաքացիների մոտ շարունակում է աճել հետաքրքրությունը Արցախի նկատմամբ: Այդ գործընթացին նպաստում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի, երկրի պատմության, ԼՂՀ-ում ժողովրդավարական սկզբունքների արմատավորման մասին միջազգային տարբեր զանգվածային տեղեկատվության միջոցների հավաստի տեղեկատվությունը»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:




























