Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի աշխատակցի կարծիքով, Ադրբեջանը շահարկում է վրացական հարցը Մոսկվայի հետ հարաբերություններում…

Ադրբեջանը լռության է մատնում Հարավային Օսիայի, Աբխազիայի ու վրացական թեմատիկայի վերաբերյալ իր դիրքորոշումը, երբ նախատեսվում է Ադրբեջանի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի այցը Ռուսաստան կամ նրա հանդիպումը ռուսական ղեկավարության հետ։ Սակայն հենց որ հայտնվում է այլ երկրի հետ դաշինք կազմելու որևէ առիթ կամ հնարավորություն, ապա ադրբեջանական դիրքորոշումն անմիջապես ջրի երես է դուրս գալիս, ինչն էլ տեղի ունեցավ ներկայումս։ Այդ մասին հուլիսի 27-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ այն հայտարարությունը, որի համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիները պետք է մեկնեն Հարավային Օսիա և Աբխազիա Վրաստանի տարածքով։ Փորձագետի կարծիքով, սույն հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը մնում է հենց այն դիրքերում, ինչ 2008 թվականի օգոստոսին էր։

«Հիշեցնեմ, որ այն ժամանակ Ադրբեջանը հանդես էր գալիս հակամարտությունը Վրաստանի „տարածքային ամբողջականության“ հիման վրա լուծելու օգտին, ինչի մասին բազմիցս հայտարարել են Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաև այդ պետության պաշտոնական այլ անձինք»,- մեջբերում է ռուս քաղաքագետին ռուսական REGNUM գործակալությունը։

"Կարելի է ասել, որ լայնածավալ ռազմական գործողությունները Հարավային Օսիայում բավական արագ խռովեցին Ադրբեջանի փորձագիտական ընկերակցության հանգիստը։ Այն «հնգօրյա պատերազմի» ժամանակ, ադրբեջանական դիվանագետներն ասում էին, թե Վրաստանն իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու լիազորություն ունի, և նրա գործողությունները լիովին համապատասխանոմ են միջազգային իրավունքներին։ Նույն բովանդակությամբ էր արտահայտվում և ադրբեջանական փորձագետների հիմնական զանգվածը, նույնը կրկնվում էր և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, այդ թվում և «Մուսավաթ»-ի։ Նրա պաշտոնական հարտարարություններում, որը բնորոշ է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշմանը, Ռուսաստանի գործողությունները որակվում էին որպես ներխուժում Վրաստանի տարածք և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Այնտեղ ասվում էր նաև, որ Ադրբեջանը չի փոխի իր դիրքորոշումը, և իր գնահատմամբ, Հարավային Օսիան ու Աբխազիան կմնան «Վրաստանի անքակտելի մասը»,- հայտնել է փորձագետը։ «Անցած ժամանակահատվածում ադրբեջանական դիրքորոշումը գործնականում չի փոխվել։ Սակայն նրանք ջանում են հնչեցնել այն շատ ու շատ չափավորված։ Դա հնչեցվում է այն ժամանակ, երբ որևէ կոնկրետ առիթ է ի հայտ գալիս։ Իսկ երբ նման առիթ չկա, երբ նախատեսվում է Ադրբեջանի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի այցը Ռուսաստան կամ նրա հանդիպումը ռուսական ղեկավարության հետ, ապա Բաքվի դիրքորոշումը Հարավային Օսիայի, Աբխազիայի ու վրացական թեմատիկայի վերաբերյալ լռության է մատնվում։ Բայց հենց որ ստեղծվում է մեկ այլ երկրի հետ դաշինք կազմելու որևէ առիթ կամ հնարավորություն, ապա ադրբեջանական դիրքորոշումը անմիջապես ջրի երես է դուրս գալիս, ինչն էլ տեղի ունեցավ այժմ»,- եզրափակել է Վադիմ Մուխանովը։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Բելառուսի ԱԳՆ-ն տարածել է մի հայտարարություն, ուր Աբխազիա ու Հարավային Օսիա այցելել ցանկացող Բելառուսի քաղաքացիներին կոչ էր անում այդ հանրապետությունների տարածքներ մտնել Վրաստանից, քանի որ «այլ ուղղություններից» (այսինքն՝ Ռուսաստանից) մուտքն այնտեղ արգելված է՝ վրացական օրենսդրությամբ։ Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությանը հետևելով՝ նման հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն։