Պաշտոնական վիճակագրությունից դատելով` խանութները հետեւողականորեն մանրածախ առեւտրի ոլորտից դուրս են մղում մյուս օբյեկտներին: Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին խանութներում մանրածախ առեւտրաշրջանառության ծավալն աճել է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ, 11,2%-ով:
Միաժամանակ, շուկաներում սպառողական ապրանքների շրջանառությունը նվազել է 30,0%-ով, գյուղարտադրանքի շուկաներինը` 7,8%-ով, կրպակներինը` 17,6%-ով:
Գյուղատնտեսության արտադրանքի վաճառքում անկումը կարելի է բացատրել Հայաստանի մի շարք մարզերում անբարենպաստ եղանակային պայմաններով, իսկ մնացած օբյեկտների առումով կան ուրիշ պատճառներ:
Հունվար-մարտի կտրվածով (այդ տվյալները եռամսյակային կտրվածքով են հրապարակվում), 2008-2013թթ. Հայաստանում մանրածախ առեւտրի օբյեկտների թիվը կրճատվել է 399 միավորով: Ընդ որում, արմատական տեղաշարժեր են կատարվել կառուցվածքում: Մասնավորապես, երկրում խանութների թիվն ավելացել է 1886 միավորով, հատկապես կրպակների նվազման ( 2312 միավորով) համապատկերում:
Երկու տարի առաջ Երեւանի քաղաքապետարանն ապամոնտաժեց եւ վերցրեց գրեթե 900 կրպակ` դա պատճառաբանելով նրանով, որ դրանք չեն գործում, բացի այդ, «հին են եւ ժանգոտ»: Ճիշտ է, վաճառողները պնդում էին, թե քաղաքային իշխանությունները կատարում են սուպերմարկետների պատվերը:
Ընդհանուր առմամբ վերջին հինգ տարվա ընթացքում կրպակների թիվը մայրաքաղքում կրճատվել է 1,7 հազար միավորով կամ 2,7 անգամ:
Բացի վերը նշված ապամոնտաժումից, կրպակների թվի նվազումը կարող է նաեւ այլ գործոնների հետեւանք լինել: Նկատենք, որ մարզերում, որտեղ նման «ավերածություններ» չեն եղել, կրպակների թիվը վերջին հինգ տարում նույնպես նվազել է` 0,6 հազ. միավորով:
Այս փոփոխությունների արդյունքում Հայաստանի մանրածախ առեւտրի օբյեկտների կառուցվածքում խանութների տեսակարար կշիռը նկատելի մեծացել է` 57%-ից մինչեւ 70%:
Միաժամանակ, նկատելի տեղաշարժեր են կատարվել հանրապետության մնարածախ առեւտրաշրջանառության մեջ: Հունվար-մայիսի կտրվածքով, հինգ տարվա ընթացքում խանութների շրջանառությունն աճել է 1,8 անգամ, այն դեպքում, երբ սպառողական ապրանքների շուկայում կրճատվել է 48,9%-ով, իսկ կրպակներում` 14,3%-ով:
Թեեւ մայրաքաղաքում վաղուց արդեն սուպերմարկետների հզոր ցանց է գործում, վերջին հինգ տարվա ընթացքում խանութների թիվն աճել է ավելի քան 0,9 հազ. միավորով: Հիմա այդ օբյեկների ընդհանուր թվում Երեւանի մասը կազմում է 66%:
Փաստն ուրախալի է սպառողների սպասարկման մակարդակի եւ մրցակցության զարգացման տեսանկյունից, որը կնպաստեր մանրածախ գների կարգավորմանը: Սակայն վերջին տարիների իրողությունները հերքում են այս ենթադրությունը:
Առեւտրի ոլորտում ձեռներեցությունը բիզնեսում որոշակի առավելություն ունի: Կապիտալն արագ է շրջանառվում, քան, օրինակ, արդյունաբերության մեջ, ռիսկերը նույնպես ավելի նվազ են: Ճիշտ է, որ որոշ «ինքնուս» առեւտրականներ տարբեր սխալների պատճառով ձախողվում են, սակայն նրանց փոխարինելու են գալիս նոր ձեռներեցներ...
Ալբերտ Խաչատրյան





























