2009 թվականին Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն արդյունավետ իրականացվել են: Այս մասին հայտարարվել է միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի` մարտի 9-ի նիստում:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ամփոփելով կատարված աշխատանքը` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ գործողությունների ծրագրով իրականացվել են շուրջ 122 միջոցառումներ: Նա հատկապես կարեւորել է համագործակցությունը պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակում, արտակարգ իրավիճակների ոլորտում նախանշված ծրագրերն իրականացնելու համատեքստում: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս տարի ՆԱՏՕ-ի հետ կանցկացվեն «Արմենիա 2010» համատեղ զորավարժությունները արտակարգ իրավիճակների ոլորտում, ուստի պետք է ավարտել քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգի, ռազմական ուսումնական դոկտրինի մշակումը: Նախանշված բոլոր ծրագրեն արդյունավետ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի 2010 թվականի վերջին ՆԱՏՕ-ի հետ նոր ծրագրի մշակման ժամանակ ավելի բարձր նշաձողեր սահմանել եւ նախատեսված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնել:
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են գործողությունների ծրագրով 2009 թվականին արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարություններում, ազգային անվտանգության ծառայությունում եւ ոստիկանությունում կատարված աշխատանքները:



























