Արաբական Միացյալ Էմիրություններում Նորվեգիայի քաղաքացուհու նկատմամբ սկանդալային դատավճիռ է կայացվել, որին մեղավոր են ճանաչել անառակության մեջ: Մեղադրանքի համար հիմք է ծառայել հենց իր՝ նորվեգուհու հայտարարությունը, ով  ոստիկանությանը հայտնել է, որ իրեն բռնաբարել են: Արաբական արդարադատությունը 25-ամյա աղջկան դատապարտել է 16 ամսվա ազատազրկման, գրում է նորվեգական Views and News from Norway կայքը:

Մամուլի փոխանցմամբ՝ Նորվեգիայի բնակչուհին Դուբայ գործուղման էր մեկնել, սակայն օտար երկրում նրան բռնաբարել են, որից հետո նա դիմել է ոստիկանություն:

Իրավապահները միայն մասամբ են ստուգել տուժածին եւ համարել, որ աղջիկը կամավոր է սեռական կապի մեջ մտել, իսկ իսլամի օրենքներով դա հանցագործություն է: Չամուսնացած «անառակի» ձեռքից վերցրել են փաստաթղթերը եւ դիմել դատարան:

Կալանավորումից օրեր անց անգամ երիտասարդ աղջիկը հնարավորություն չի ունեցել զանգահարել ծնողներին: Արդյունքում նրա հարազատները Նորվեգիայի հյուպատոսության միջոցով հասել են նրան, որ աղջկա նկատմամբ խափանման միջոցը փոխել են տնային կալանքի:

Մինչեւ դատավճիռը աղջիկը գտնվել է Ծովայինների եկեղեցու հոգածության ներքո: Դատարանը աղջկան մեղավոր է ճանաչել ոչ միայն նախաամուսնական սեքսի, այլեւ ալկոհոլ օգտագործելու եւ սուտ ցուցմունք տալու մեջ:

Ներկայումս նորվեգացի աղջիկը փորձում է բողոքարկել դատարանի որոշումը: Ի դեպ, նրան բռնաբարողը դատապարտվել է միայն 13 ամսվա ազատազրկման, հաղորդում է NEWSru.com.-ը: