ԱՄՆ հանրապետական ազգային հանձնաժողովի նախագահ Ռայնս Փրիբուսը հանդես է եկել քննադատական ելույթով հեռուստատեսային երկու նախագծերի դեմ, որոնք նվիրված են Հիլարի Քլինթոնին:
Այդ նախագծերից մեկը 4-ժամանոց սերիալ է NBC հեռուստաալիքով, որտեղ ԱՄՆ նախկին առաջին տիկինի դերը խաղում է Դայան Լեյնը: Երկրորդ նախագիծը լիամետրաժ ֆիլմ է, որը վավերագիր ռեժիսոր Չարլզ Ֆերգյուսոնը նկարահանում է CNN ալիքով:
Փրիբուսի կարծիքով՝ այդ ֆիլմերի ցուցադրությունը յուրատեսակ գովազդ կդառնա եւ Քլինթոնին առավելություն կտա 2016 թվականին երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում: Նա սպառնացել է հրաժարվել NBC եւ CNN հեռուստաալիքներով հեռուստաբանավեճերին հանրապետականների մասնակցությունից:
CNN-ում արձագանքել են մեղադրանքին՝ խնդրելով Հանրապետական կուսակցությանը զերծ մնալ վաղաժամ եզրակացություններից եւ իրենց պահել ֆիլմի մասին դատողությունները։ Հեռուստաալիքը բացատրել է, որ ֆիլմը, որը կիսափաստագրական-կիսագեղարվեստական բնույթի է, պատմում է Քլինթոնի կյանքի ու կարիերայի մասին։ Սկզբում այն կցուցադրվի կինոթատրոններում, հետո՝ CNN-ում։ Ֆիլմը նկարահանում է հեռուստաալիքի CNN Films ստորաբաժանումը, փոխանցում է «Lenta.Ru»-ն։
Հեռուստաալիքում զարմացել են նաեւ, որ Հանրապետական կուսակցությունը սպառնացել է հրաժարվել CNN-ում 2016թ կուսակցական բանավեճերից։ «Տարօրինակ կլինի, եթե նրանք որոշեն չմասնակցել CNN-ի բանավեճերին, քանի որ եթերային ժամանակի կրճատումը ընտրողների համար անարգանք է»,-ասվում է CNN-ի հայտարարությունում։





























