Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը նամակով դիմել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որտեղ անդրադառնում է 5 բուհերում ուսման վարձերի թանկացման խնդրին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը, մտահոգված լինելով ՀՀ 5 բուհերում ուսման վարձերի թանկացման խնդրով, մի շարք ուսանողների անունից խնդրում է Ձեզ վերահսկողություն հաստատել եւ ի բարօրություն մեր երկրի երիտասարդ սերնդի ապագայի փոխշահավետ լուծում տալ այս հարցին:
2013 -2014թթ. ուս.տարվա ուսման վարձերի թանկացումներ են ակնկալվում ՀՀ հետեւյալ բուհերում`
• Երեւանի պետական համալսարանում,
• Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում,
• Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում,
• Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում,
• Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:
Սպասվելիք 20-100 հազար դրամի փոխարեն վարձերը բարձրացել են 100 – 200 հազար ՀՀ դրամով: Հարկ է նշել, որ բուհերում վարձերի թանկացումը շատ ծանր կանդրադառնա առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող հայ ընտանիքների վրա եւ անմիջական ազդեցություն կունենա թե քանակական, թե որակական առումներով:
Նախեւառաջ բարձր վարձավճարի արդյունքում նվազելու է բուհ ընդունվողների քանակը, քանի որ ընդունվել կարողանալու են միայն վճարունակ ընտանիքների երեխաները, ինչն իր հերթին ազդելու է ուսման որակի վրա: Բացի այդ, սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված արտոնությունները դժվար թե լինեն բավարար բոլորի համար: Այս պահին բավարար եւ արդյունավետ կհամարվի միայն ուսման նախկին վարձավճարին վերադառնալը, քանի որ վարձերի բարձրացումով չեն լուծվի ո՛չ կոռուպցիայի հետ կապված խնդիրները, ոչ էլ ներբուհական ոչ արդյունավետ կառավարումը:
Կրթությունը հանդիսանում է ՀՀ պետական քաղաքականության կարեւորագույն ճյուղերից մեկը եւ ունի ռազմավարական նշանակություն: Կառավարությունը մեկ անգամ չէ, որ նշել է պետության զարգացման եւ բարգավաճման գործընթացում «մարդկային կապիտալի» կարեւորության մասին:
Այսպիսով, խնդրում ենք Ձեզ օրակարգ մտցնել այս խնդրի շուտափույթ լուծման հարցը` հաշվի առնելով հայ երիտասարդության` մասնավորապես ուսանողների կարծիքը:
Հուսով ենք, որ մեր ձայնը լսելի կլինի, իսկ արդյունքները կլինեն գոհացուցիչ»:




























