Փրկարարները Արգենտինայի Ռոսարիո քաղաքում փլված 10-հարկանի շենքի փլատակներից կենդանի կատու են  հանել, որն այնտեղ անցկացրել է երկու օր:

Դեպքի վայրում շարունակվում են որոնումները: Փրկարարները համարում են, որ եթե փլատակներից կենդանի կատու են հայտնաբերել, հնարավոր է, որ դեռ կենդանի մարդիկ լինեն: Սակայն նույն օրը նրանք փլատակներից երեք մահացած մարդու մարմին են հանել:

Ողբերգության զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 13-ի: Առնվազն 8 մարդ համարվում է անհայտ կորած, վիրավորների թիվն անցնում է 60-ից:

Շենքի փլուզման պատճառը գազի պայթյուն է: Այդ գործով ձերբակալվել է երկու մարդ՝ գազի մասնագետն ու նրա օգնականը, որոնք պայթյունից մի քանի րոպե առաջ աշխատանքներ են իրականացրել շենքում: