Հայաստանն ու Թուրքիան որոշակի առաջընթաց էին գրանցել մերձեցման գործում, իսկ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձեւը սխալ է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Al Arabiya Broadcast-ին տված հարցազրույցում:
«Ինձ անհանգստացնում է այդ հարցը: Ես պետք է նշեմ, որ բանաձեւն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի միայն մեկ հանձնաժողովի կողմից: Մենք այն դիտում ենք որպես սխալ: Թուրքիան եւ Հայաստանն առաջընթաց են գրանցում հաշտեցման հասնելու ուղղությամբ: Արձանագրություններն էլ պատրաստվել էին հենց դրա համար: Կարծում ենք` դա է անհրաժեշտ գործընթացը։ Նման բանաձեւը կարող է մեծ վնաս հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Հուսով ենք, որ Կոնգրեսն ու Ներկայացուցիչների պալատն ավելի հեռու չի գնա այդ բանաձեւի հարցում»:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է 252 բանաձեւը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:



























