Թաիլանդի հարավում, այսօր՝ օգոստոսի 13-ին, երկու պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է մեկ ոստիկան, եւս 15 մարդ վիրավորվել է: Նրանցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ Պատանի եւ Նարատհիվատ նահանգներում ճանապարհներին տեղադրված պայթուցիկ սարքերը գործի են դրվել բջջային հեռախոսների օգնությամբ: Տուժածների շարքում կան ոստիկաններ, զինվորականներ եւ 6 քաղաքացիական անձինք:
Իրավապահ մարմինները պայթյունները կազմակերպելու մեջ կասկածում են անջատողականներին, որոնք վերջին տասը տարիներին պարտիզանական պատերազմ են մղում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Թաիլանդի մահմեդական հարավում անջատողական շարժում է գործում, որի նպատակը Պատանի, Նարատհիվատ եւ Յալա նահանգների անջատումն է թագավորությունից: