Ուկրաինայի Օդեսայի մարզի դատախազությունը ահաբեկչության եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվող ծնունդով Չեչնիայից Ադամ Օսմաեւի հայտարարությունները հաստատող ապացույցներ չի գտել: Նա հայտարարել էր, թե նախաքննության ժամանակ իրեն խոշտանգել են:

Դատախազները հանցակազմ չեն գտել եւ փակել են Օսմաեւի բողոքի քննությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Օսմաեւի քաղաքացիական կինը՝ Ամինա Օկուեւան: Միաժամանակ նա վստահ է, որ իր բողոքի հիման վրա հետաքննությունն անցակցվել է միայն ձեւականորեն, քանի որ դատախազության քննիչները նույնիսկ չեն հարցաքննել Օսմաեւին հարցաքննած «Ալֆա» հատուկ ջոկատի մարտիկներին, որովհետեւ «նրանց չի կարելի հարցաքննել», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ փետրվար ամսին լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական եւ ուկրաինական հատուկ ծառայությունները կանխել են Պուտինի հանդեպ ենթադրվող մահափորձը: Կասկածյալները ձերբակալել են փետրվարի սկզբին` Ուկրաինայում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում:  Պայմանավորվածությունը բացահայտվել է Օդեսայում տեղի ունեցած պայթյունից հետո: Կասկածյալներ Ադամ Օսմաեւը եւ Իլյա Պյանզինը խոստովանել են, որ նախագահական ընտրություններից հետո պատրաստվում էին սպանել Պուտինին: