Իբրահիմ Տոդաշեւը ոչ մի վատ բան չի արել, նա անմեղ է եւ նրան պարզապես սպանել են: Ֆլորիդայի Թամփա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ՀԴԲ գործակալների կողմից սպանված չեչեն երիտասարդի հայրը՝ Աբդուլբակի Տոդաշեւը, ով ԱՄՆ է ժամանել՝ պարզելու որդու մահվան հանգամանքները:  

Ֆլորիդայում ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի տնօրեն Հասսան Շիբլին պատմել է, որ Տոդաշեւի ազգականները վարձել են մասնավոր խուզարկումների՝ Իբրահիմի մահվան հանգամանքները հետաքննելու համար: Խուզարկուները պարզել են, որ ՀԴԲ գործակալները երիտասարդի վրա առնվազն յոթ կրակոց են արձակել:

«Մենք ուզում ենք իմանալ, թե ինչպես անզեն մարդը իր տանը հարցաքննության  ժամանակ այդքան գնդակ է ստանում: Մենք պարզել ենք, որ բոլոր կրակոցներն արձակել է միեւնույն գործակալը: Մեր խուզարկուները պարզել են, որ եթե հարցաքննության ժամանակ ՀԴԲ գործակալները զենք կիրառելու օրինական հիմքեր ունենային, բոլոր սպաները կրակոցներ կարձակեին»,- ասել է Շիբլին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իբրահիմը կանչվել էր հարցաքննության, քանի որ ծանոթ էր եղել Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւների հետ, որոնք համարվում են Բոսթոնի մարաթոնի ահաբեկչության կազմակերպիչները: