Երկու կին, ենթադրաբար Բելառուսի եւ Մոլդովայի քաղաքացիներ, հաղորդել են, որ գերի են ընկել սիրիական զինյալների մոտ: Համապատասխան տեսանյութը տեղադրվել է YouTube կայքում:

Տեսանյութում կանայք, շրջապատված մի քանի զինված մարդկանցով, կարդում են դիմումը: Գերյալները հայտնում են իրենց անունները՝ Սվետլանա Մարկիյանովիչ եւ Կարինա Կոլցո (ընդ որում Մարկիյանովիչը ճշտում է, որ ինքը Բելառուսից է, իսկ Կոլցոն նշում է, որ ինքը Մոլդովայից է): Գերիներին ազատ արձակելու համար զինյալները որեւէ պահանջ չեն ներկայացրել:

Տեսանյութը տեղադրվել է օգոստոսի 9-ին, բելառուսական ԶԼՄ-ները այն տարածել են մի քանի օր անց: Մեկնաբանությունների շարքում ենթադրվում է, որ նյութը կարող է լինել բեմադրված: Ինչպես Բելառուսի ԱԳ նախարար Անդրեյ Սավինիխը հայտնում է ԲԵԼՏԱ-ին,-«Կառույցը այժմ մանրամասն ուսումնասիրում է տվյալ տեսանյութի ի հայտ գալու պայմանները»: «Առայժմ վաղ է որեւէ եզրահանգումներ կատարելու համար»- ավելացրել է նա:

«Ինտերֆաքս-Զապադ» գործակալությունը իր հերթին գտել է Սվետլանա Մարկիյանովիչի տատիկին՝ Զինաիդային, ով ապրում է Ժոդինոյում (քաղաք Բելառուսի Մինսկի շրջանում): Նա հայտնել է, որ իր թոռնուհին հունիսին մեկնել է արտերկիր եւ խոստացել սեպտեմբերին վերադառնալ: