Կորեայի հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 14-ին համաձայնության են եկել Քեսոն արտադրական գոտու աշխատանքները վերսկսելու վերաբերյալ: Երկրներն անցկացրել են համալիրի գործունեության կարգավորման բանակցությունների 7-րդ փուլը: Համալիրն արդեն չորս ամիս է, ինչ չի գործում: 

Օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պատվիրակությունների մեկ նիստ ամբողջական կազմով եւ պատվիրակությունների ղեկավարների երեք հանդիպում: Արդյունքների հիման վրա կնքվել է 5 կետից բաղկացած համաձայնություն: Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ ձեռնարկել Քեսոնի արտադրական գոտու գործունեության հետագա դադարեցումը կանխելու համար, ինչպես նաեւ ստեղծել հատուկ համատեղ խորհուրդ, որը կորոշի վնասներ կրած ընկերության փոխհատուցման չափը: Համալիրի գործունեությունը կվերսկսվի արտադրական սարքավորումների ընդհանուր վիճակի ստուգումից հետո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ արտադրական գոտու աշխատանքները վերականգված կարելի է համարել օգոստոսի 15-ին, երբ կնշվի Կորեայի ազատագրության 68-րդ տարեդարձը:

Բանակցությունների նախորդ 6 փուլերն արդյունքներ չեն տվել, հիմնականում երկու կողմերի տարբեր կարծիքների պատճառով այն բանի վերաբերյալ, թե ով է պատասխանատու փակման համար, ինչպես նաեւ հետագայում անխափան գործարկման երաշխավորի հարցի շուրջ անհամաձայնության պատճառով:

Քեսոնի արտադրական գոտում աշխատել են 123 հարավկորեական ընկերություններ, որոնք զբաղվել են տարբեր տեսակի ապրանքների արտադրությամբ, ինչպես օրինակ հագուստ, կոշիկ, էլեկտրոնիկա եւ սպասք: