Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության կողմից կիրառվող միջոցառումները սպառնում են ամբողջությամբ դադարեցնել ուկրաինական ապրանքների արտահանումը Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գործատուների ֆեդերացիան, որի տվյալներով՝ օգոստոսի 14-ից ուկրաինացի բոլոր արտահանողներն, առանց բացառության, ներառվել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության «բարձր ռիսկի» ցանկում: Իսկ դա նշանակում է, որ նրանց կողմից Ռուսաստան արտահանվող ապրանքները առավել մանրամասն ստուգում պետք է անցնեն:

Հատկապես, նշվում է, որ շատ ուկրաինական ձեռնարկությունների համար ռուսական շուկան շատ կարեւոր է: Վերը նշված միջոցառումների արդյունքում ուկրաինացի ձեռնարկատերերի հնարավոր վնասը կարող է հասնել 2-2,5 մլրդ դոլարի:

Ուկրաինայի պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում, ՌԴ արտահանումը կազմել է ուկրաինական ապրանքների ընդհանուր արտահանման 24,7 տոկոսը: Միաժամանակ, Ռուսաստան արտահանման ծավալը 6 ամիսների ընթացքում նվազել է 13,5 տոկոսով, հաղորդում է РБК -ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանում արգելք է դրվել ուկրաինական «Ռոշեն» հրուշակեղենի վաճառքի վրա: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշենկոն հայտարարել է, որ Մոսկվայի առեւտրի կետերից վերցված «Ռոշենի» արտադրանքի քննությունը ցույց է տվել, որ դրանք չեն համապատասխանում համապատասխան ցուցանիշներին։ Մասնավորապես՝ «Ռոշենի» կաթնային շոկոլադի պարունակության մեջ հայտնաբերվել է «բենզապիրեն» նյութ։

«Որակի եւ անվտանգության պահանջները խախտվել են։ Կան հիմքեր՝ խոսելու մեր օրենսդրության եւ օգտագործողների իրավունքների համակարգված խախտումների մասին»,-ասել է Օնիշենկոն։

Շատ վերլուծաբաններ նշում են, սակայն, որ այս ամենի պատճառը քաղաքական է եւ կապված է Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կնքման հետ, ինչին կտրուկ դեմ է Մոսկվան: