Լիբիայի բարձրագույն ռազմական դատարանն, այսօր՝ օգոստոսի 14-ին, երկու ռուսաստանցիների (Ալեքսանդր Դոլգով եւ Վլադիմիր Շադրով), ինչպես նաեւ 19 ուկրաինացիների եւ 3 բելառուսների գործն ուղարկել է քաղաքացիական դատարան՝ քննության:

Շադրովին 2012-ի հունիսի 4-ին դատապարտել են ցմահ ազատազրկման, որպես տեխնիկական մասնագետների ղեկավար, որն օգնել է տապալված նախագահ Մուամար Քադաֆիի ռեժիմին: Դոլգովը եւ մյուսները դատապարտվել են 10-ական տարվա ազատազրկման:

Այս տարի Լիբիայում ուժի մեջ է մտել օրենքը, որի համաձայն քաղաքացիական անձանց գործերը պետք է քննի ընդհանուր իրավասության դատարանը, ուստի բոլոր 24 դատապարտյալների վճիռները պետք է վերանայվեն: Այս մասին «Իզվեստիային» հայտնել է Լիբիայում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Դենիս Կնիշեւը: Ներկայումս նրանց կարգավիճակը դատապարտյալից դարձել է մեղադրյալ:

Զինվորականները նրանց մեղադրել էին Քադաֆիի ռեժիմի հետ համագործակցելու մեջ: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ հոդվածով գործը կքննի քաղաքացիական դատարանը: