Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) իշխանությունները բազմիցս իրենց խորը անհանգստությունն են արտահայտել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության էությունը խեղաթյուրելու եւ միջազգային հանրությունն ապակողմնորոշելու Ադրբեջանի ստահոդ  արշավի կապակցությամբ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այս արշավը տարեցտարի ընդարձակվում է՝ ներկայացնելով կեղծիքների, սադրանքների եւ ռեւանշիստական սպառնալիքների ավելի կատարելագործված մեթոդներ:

Նման քարոզարշավի ամենավերջին օրինակներից են ՄԱԿ-ում 2013 թ. հուլիսի 26-ի A/67/943-S/2013/442 նամակի տարածումը, որով կոչ է արվում ՄԱԿ-ի անդամ պետություններին զերծ պահել իրենց քաղաքացիներին «առանց Ադրբեջանի կառավարության նախնական համաձայնության» ԼՂՀ այցելելուց, ինչպես նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից ԼՂՀ այցելելու համար անցանկալի անձ հռչակված մարդկանց ցուցակի հրապարակումը: 41 երկրից 335 հոգուց բաղկացած այս ցուցակն ընդգրկում է խորհրդարանների անդամների, հայտնի հասարակական գործիչների, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչների, լրագրողների, ուսանողների եւ զբոսաշրջիկների:          

Այս կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անհրաժեշտ է համարում հայտարարել հետեւյալը.

ԼՂՀ-ն անկախ  պետություն է՝ իր բնակչությամբ, որը ոչ մի պարագայում չի կարող զրկվել մարդու հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից, ինչպես դա ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածում, որում նշված է, որ «որեւէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որեւէ այլ սահմանափակումով պետական կազմավորում»:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստեղծել է իր պետությունն իրականացնելով իր ինքնորոշման անքաքտելի իրավունքը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին եւ Խորհրդային Միության գործող Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում: Իր ստեղծման առաջին իսկ օրից, ի տարբերություն Ադրբեջանի, ԼՂՀ-ն բռնել է իր քաղաքացիների բոլոր իրավունքներն ու ազատություններն ապահովող ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին: ԼՂՀ ղեկավարությունը մտադիր է շարունակել հանրապետության եւ նրա ժողովրդավարական ինստիտուտների համապարփակ զարգացման քաղաքականությունը եւ բազմիցս պատրաստակամություն է հայտնել՝ հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Ի սկզբանե Ադրբեջանը մերժել է Լեռնային Ղարաբաղի հետ քաղաքակիրթ երկխոսության որեւէ հնարավորություն եւ դիմել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության ուժային լուծման քաղաքականությանը՝ իրականացնելով էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի հայաբնակ տարածքներում եւ սանձազերծելով լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Չնայած ընթացող բանակցային գործընթացին եւ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ընտրովի մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, դրանով իսկ սաստկացնելով լարվածությունն ու անվստահությունը, ինչպես նաեւ անտեսելով առկա իրողությունները: Տարված լինելով ատելության եւ թշնամանքի լեզվով՝ Ադրբեջանը եւս մեկ քայլ կատարեց սխալ ուղղությամբ եւ սպառնում է պատժամիջոցներ կիրառել ԼՂՀ այցելող երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է մարդու իրավունքների իր ներքին չափանիշների տրամաբանության մեջ, որն այն ձգտում է պարտադրել օտարերկրյա քաղաքացիներին:

Այդ չափազանց անպատասխանատու քայլերը խափանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման համար կարեւորություն ունեցող  վստահության մթնոլորտ ստեղծելու ցանկացած փորձ: Այն նաեւ խոչընդոտում է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության համապարփակ եւ տեւական լուծում գտնելուն:

Մինչդեռ հարկ է նշել, որ չնայած ադրբեջանական կողմի հարուցած արհեստական խոչընդոտների, ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների քանակը կայուն կերպով աճում է. նրա անկախ պատմության ողջ ընթացքում տասնյակ հազարավոր օտարերկրյա քաղաքացիներ արդեն այցելել են ԼՂՀ, ինչը վկայում է ԼՂՀ ազատատենչ ժողովրդի կողմից ձեւավորված անվտանգ եւ ապահով մթնոլորտի եւ մեր հարազատ երկրի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգության նկատմամբ միջազգային հանրության աճող հետաքրքրության մասին:  Կարեւոր է նշել, որ հանցագործությունների մակարդակը ԼՂՀ-ում ամենացածրներից մեկն է Եվրոպայում եւ այստեղ օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ոչ մի լուրջ պատահար երբեւիցե չի գրանցվել: 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարարությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել օտարերկրյա քաղաքացիների այցերը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտելու անարդյունավետ փորձերից եւ այդպիսի անհիմն եւ սադրիչ գործողությունների վրա ապարդյուն ծախսվող էներգիան եւ միջոցներն ուղղել հակամարտության կողմերի միջեւ առկա կարեւոր խնդիրների կարգավորմանը, դրանով իսկ նպաստելով խաղաղության եւ կայունության հաստատմանը Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարարությունը ողջունում եւ խրախուսում է օտարերկրյա քաղաքացիների՝  թե՛ պաշտոնյաների, եւ թե՛  զբոսաշրջիկների այցերը  ԼՂՀ:  Նման այցելությունները եւ մարդկանց միջեւ շփումները ոչ միայն ընդհանուր առմամբ նպաստում են վստահության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորմանը տարածաշրջանում, բայց եւ անհրաժեշտ են, որպեսզի համաշխարհային հանրությունը կարողանա ստանալ ճշգրիտ եւ անաչառ տեղեկատվություն ԼՂՀ մասին»: