Հայաստանին որպես օժանդակություն հատկացված ԱԶՀԳ դրամագլուխը միտում ունի առաջիկայում աճելու: Այս մասին, օգոստոսի 13-ին, հայտարարել է Ավստրիայի զարգացման համագործակցության գործակալության (ԱԶՀԳ) նորանշանակ գործադիր տնօրեն դոկտոր Մարտին Լեդոլտերը՝ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ հանդիպման ժամանակ: Նրանք կարեւորել են Հայաստանում ԱԶՀԳ գրասենյակի հիմնադրումը:
Նշվել է նաեւ, որ Ավստրիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին վերաբերող Կարգավորիչ գիլիոտին ծրագրին եւ 2014 թվականին իր մասնակցությունն է բերելու ծրագրի 2-րդ փուլին:
Նշենք, որ ԱԶՀԳ-ն UNDP-ի եւ FAO-ի հետ համատեղ մասնակցում է Հայաստանի գյուղատնտեսական հաշվառման ծրագրերին: 20132թ. սեպտեմբերին գործակալությունը իրականացնելու է պիլոտային ծրագիր Հայաստանի հյուսիսային շրջանների գյուղատնտեսական հաշվառման նպատակով՝ ի նախապատրաստում 2014 թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման: ԱԶՀԳ-ն նաեւ աշխատանքային քննարկումներ է կազմակերպում Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման, արդիականացման, մասնավոր գործարարության ու ձեռնարկատիրության խթանման նպատակով: Նրա գործունեության կենտրոնում են նաեւ առողջապահության, մասնավորապես՝ առողջության վերահսկողության, բժշկական օժանդակության, ընտանի կենդանիների առողջության ծրագրերը, ինչպես նաեւ տարածքային կառավարման կատարելագործման եւ ապակենտրոնացման քաղաքականության խնդիրները:





























