Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության որոշումը՝ կապված Ուկրաինայից եկող բեռը խստագույնս վերահսկելու միջոցների հետ, Կիեւի եւ Մոսկվայի փորձագետները գնահատել են որպես նոր առեւտրային պատերազմի սկիզբ: Այդկերպ Մոսկվան ստիպում է «կամակոր» հարեւանին անդամակցել Մաքսային միությանը:

Ուկրաինան ընտրել է եվրոպական ինտեգրումը, ինչը դուր չի եկել Ռուսաստանին, «ՌԲԿ  daily»-ին պատմել է Կիեւի Կոնֆլիկտաբանության եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Միխայիլ Պոգրեբինսկին: Նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, Ուկրաինան կստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը:

Կիեւում համոզված են, որ Մոսկվայի այս քայլերն ուղղված են Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ համաձայնագրի ստորագրումը կանխելուն:

Ռուսական կողմը հայտարարել է, որ ուկրաինական ապրանքների վերահսկման միջոցների խստացումը «շանտաժ կամ Մաքսային միությանն անդամակցելուն դրդող քայլ չէ»: Ռուսները նշում են, որ հիմնականում առկա է բյուրոկրատական քաշքշուկ, այլ ոչ թե քաղաքական ենթատեքստով ճնշում: