Հայաստանի պես փոքրիկ, անպաշտպան, նուրբ երկիրն աշխարհի հետ չի կարող խոսել «կամ-կամ»-ով, կամ «եւ-եւ»-ով: Այս մասին, այսօր` օգոստոսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նա ասաց, որ եթե Սերժ Սարգսյանն արդար, թափանցիկ ընտրություններով ընտրվեր, կարող էր խոսել «եւ-եւ»-ով, կամ «կամ-կամ»-ով:

«Պուտինը 13 տարի հետո գնաց Ադրբեջան եւ այն պայմաններում, երբ լարված են հայ-ադրբեջանական հարբերությունները»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ եթե առաջիկայում Պուտինի պես մեծ նախագահը որոշի Գաբալայի ՌՏԿ-ն հետ ստանալ, դա 5-6 տարվա խնդիր է:

«Ցավոք, մենք ունեցանք խայտառակ սպորտային դիվանագիտություն՝ ֆուտբոլային դիվանագիտության տեսքով եւ խայտառակ արտաքին քաղաքականություն»,- ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ շատ բնական է համարում, որ Ալիեւի ընտրություններից առաջ Ռուսաստանի նախագահը պետք է լիներ Բաքվում: «Բավականին զուսպ տնտեսական պայմաններ էին, որի մեջ արտասովոր ոչինչ չենք տեսնում: Դա ռուսական քաղաքականությունն է Հարավային Կովկասում»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ մենք պետք է իմանանք, որ Ռուսաստանը շահեր ունի Հարավային Կովկասում, ինչպես Բաքվի, այնպես էլ՝ մյուս երկրների հետ:

Նշենք, որ Պուտինի Բաքու այցելության ժամանակ նշվել է, որ Ադրբեջանը 4 մլրդ դոլարի զենք կգնի Ռուսաստանից: