Թաիլանդի Փհրե նահանգի գյուղերից մեկում տեղի բնակիչները բռնել են մի մեքենայի վարորդի, որը նկարահանումներ էր իրականացնում Google Street View-ի համար: Գյուղացիները նրան բերել են տաճար եւ ստիպել երդվել Բուդդայի արձանի դիմաց, որ ինքը կառավարության լրտեսներից չէ:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ գյուղի բնակիչները դեմ են հանդես գալիս պատնեշի կառուցմանը, եւ նրանց թվացել է, թե մեքենան գյուղում լուսանկարում է տեղանքը՝ այդ պատնեշի նախագծի համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Bangkok Post-ը:

Տաճարում երդումից հետո վարորդից ներողություն են խնդրել եւ ազատ արձակել: Բուդդայականները կարծում են, որ Բուդդայի կերպարի առջեւ ստած մարդուն 7 օր շարունակ հետապնդում են դժբախտություններն ու անհաջողությունները: