ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը վերջին հինգ տարում տեղեկություններ հավաքելիս բազմիցս գերազանցել է իր լիազորությունները։
The Washington Post-ին Էդվարդ Սնոուդենի տրամադրած 2012թ. մայիսով թվագրված ներքին ստուգումների մասին փաստաթղթերի համաձայն՝ 2008թ.-ից սկսած ԱԱԳ-ն հազարավոր անգամներ խախտել է հաղորդակցմանը հետեւելու ոլորտում իր իրավաբանական լիազորությունները։
Այսպես, միայն 2011թ.մայիսից մինչեւ 2012-ի մայիսը 2776 խախտում է գրանցվել, որոնց մեծ մասը վերաբերել է ԱՄՆ-ի եւ օտարերկրյա քաղաքացիներին հետեւելուն։ Ընդ որում՝ խախտումները կատարվել են ինչպես գիտակցաբար, այնպես էլ՝ պատահական սխալների արդյունքում։
Պատահական խախտում կատարելու օրինակ է այն դեպքը, երբ 2008թ. ԱԱԳ-ն պատահաբար մեծ քանակությամբ հեռախոսազրույցներ էր լսել Վաշինգտոնից։
Դա ծրագրային սխալի հետեւանք էր եղել. տեղի 202 կոդը շփոթել էին Եգիպտոս կատարվող միջազգային զանգերի կոդի հետ։
Օրենքը գիտակցաբար խախտելու ամենալուրջ դեպքը, lenta.ru-ի փոխանցմամբ, վերաբերել է ԱՄՆ-ի երեք հազարից ավելի քաղաքացիներին եւ «գրին քարտ» ունեցողներին։




























