Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ օգոստոսի 16-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Շվեյցարիայի հետ փոխշահավետ համագործակցության շարունակականությունը բոլոր բնագավառներում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերով, եւ պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների մասին, որոնք վերջին տարիներին զարգանում են ինչպես փոխադարձ այցերի, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ դեսպան Լուկաս Գասերը հանդիպմանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ:




























