Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումները, երթեւեկությունը կարգավորող  ճանապարհային նշանները, եւ ապահովվելու է լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ դպրոցամերձ այն փողոցներում, որոնք չունեն գետնուղիներ եւ չեն կարգավորվում գծանշումներով ու լուսացույցներով, անցումը կկազմակերպվի խմբերով` ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ եւ օժանդակությամբ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ինչպես նախորդ տարի` դպրոցների եւ այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում կներգրավվեն ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:

Համաձայն ոստիկանության պետի  մեկ այլ ցուցումի` ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական  գումարտակի ծառայողները  բացատրական աշխատանքներ են տանում մարզերի բնակիչների  եւ գյուղապետերի  հետ` հորդորելով գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող մեքենաներ վարելիս լինել առավել զգոն, իսկ վարորդներին բաժանվել են հատուկ լուսարձակիչներ, որպեսզի  ավտոմեքենաներն երթեւեկելիս ավելի տեսանելի լինեն թե΄ այլ վարորդների, թե΄ երթեւեկության մյուս  մասնակիցների համար: