Սփյուռքում բնակվող հայ ծնողներին հուզող բազմաթիվ հարցերի մեջ կա մեկ համընդհանուր խնդիր. կամուսնանան արդյո՞ք երեխաները հայի հետ, կկարողանան շարունակել հայկական ժառանգությունը: «Փեսադ ո՞ւր է» պիեսը, որի  հեղինակը, պրոդյուսերն ու համառեժիսորն է Թալին Բաբայանը, ինքնության, ձուլման եւ սերունդների միջեւ տարբերության հարցերը բարձրացնում է կոմեդիայի տեսքով:

Ինչպես գրում է «The Armenian Mirror-Spectator»-ը, «Ո՞ւր է փեսադ» պիեսը առաջին անգամ կբեմադրվի Նյու-Յորքի Գրինվիչ-Վիլիջում, «The Players Theatre»-ում հոկտեմբերի 26-ին: Գործողությունները ընթանում են մեր ժամանակներում՝ նմանակելով ավագ սերնդի ներկայացուցիչների ձայները: Պատմությունը պտտվում է ամերիկա-հայկական ընտանիքի շուրջ, որի դուստր Լարան չի կարողացել գտնել հարմար հայ փեսացու: Ընտանիքի հայրը՝ Կոկոն, հանձնարարում է կնոջը՝ Սիրունին, որդուն՝ Սարոյին եւ զոքանչին, ում քնքշանքով կոչում է Մեծ Մայրիկ, որպեսզի նրանք Լարայի հետ հանդիպելու համար  հայ երիտասարդներ գտնեն: Այնուհետեւ հաջորդում են հումորային կերպարներ հանդիսացող պոտենցիալ փեսացուների հետ հանդիպումները, որոնք տարբեր «տեսակի» հայերի ծաղրական կերպարներ են՝ սկսած  Հայաստանից մինչեւ Ամերիկա, Իրան, Թուրքիա եւ Լիբանան:

Ներկայացումից ստացված եկամուտների մի մասը կփոխանցվի Հայաստանում գործող «Ջերմ օջախի բարեկամներ» ոչ առեւտրային կազմակերպությանը, որը մանկատուն է ապահովում որբացած,  այլեւս մանկատանը չապրող, հոգեկան խանգարումներով երեխաներին: