Երեւանի քաղաքապետարանը եւ «Սիթի փրոմոուշըն»  ընկերությունը, հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ քաղաքացիների  համագործակցությամբ, նպաստում են  մայրաքաղաքում հեծանիվը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթի զարգացմանը: Համագործակցության շնորհիվ՝ «Երեւանյան ամառ»  ծրագրով մինչ օգոստոսի 31-ը Երեւանում կահավորվելու է այդպիսի 17 կանգառ, որոնցից  4-ը գործարկվել է օգոստոսի 16-ին։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հեծանվորդների խմբերը մայրաքաղաքի 4 տարբեր ուղղություններից արշավել են Շահումյանի անվան հրապարակ, որտեղ կայացել է հեծանվային հնարքների ու անսովոր, երբեմն անգամ բարդ լուծումներով ցուցադրություն`արհեստավարժ եւ սիրողական մակարդակի հեծանվորդների մասնակցությամբ։ Իսկ հեծանվորդ Վահագն Վարդումյանը հեծանվային աստղանիվով պտտվող դուրգի վրա տեղում կավե բաժակ է պատրաստել: Այնուհետ հեծանվորդները Շահումյանի անվան հրապարակից մեծ շրջապտույտ են արել մինչեւ Հանրապետության հրապարակ` Վ․ Սարգսյան, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյուն, Աբովյան փողոցներ երթուղով:

Միջոցառումը մեկնարկել է  4 տարբեր կետերից,  հետեւյալ  ուղղություններով․

1. Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Հրազդանի կիրճ, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ․

2. Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Հաղթանակ կամուրջ, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ․

3. Մատենադարանից՝ Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Սայաթ-Նովա փողոց, Ալեք Մանուկյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով՝ Հանրապետության հրապարակ, ապա Շահումյան հրապարակ․

4. «Սասունցի Դավիթ» կայարանից՝ Տիգրան Մեծ փողոց, Գարեգին Նժդեհի ուղեանց, Արշակունյաց պողոտա, Ագաթանգեղոսի փողոցից շրջադարձ եւ նույն փողոցով՝ Խորենացու փողոց, ապա Շահումյան հրապարակ։