Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում շարունակվում են հանգստի գոտիների եւ անտառպուրակային տարածքների, ինչպես նաեւ քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող վայրերում «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում շաբաթ օրերին իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե այս շաբաթ շուրջ 1000 կամավորներ, այդ թվում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ, երկրապահներ, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ են մասնակցել «Եռաբլուր» պանթեոնում կազմակերպված մաքրման աշխատանքներին: Տարածքի սանմաքրմանը միացել են նաեւ Երեւանի ավագանու` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից մեկ տասնյակից ավելի անդամներ, «Բարեւ Երեւան» խմբակցությունից` ավագանու մեկ անդամ:
Աշխատանքներին տեղում հետեւել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
««Ավելի մաքուր Երեւան» ծրագրով այսօր մաքրվում է Եռաբլուր հուշահամալիրի ամբողջ տարածքը: Նախորդ տարի անցկացված ոռոգման նոր ցանցի շնորհիվ կարողանում ենք զուգահեռաբար ապահովել նաեւ տարածքի ոռոգումը: Աշնանն այստեղ նաեւ ծառատունկ կկազմակերպվի»,-նշել է Կամո Արեյանը, հատուկ շնորհակալություն հայտնելով բոլոր կամավորներին, սրտացավության եւ ակտիվության համար:
Բոլոր մասնակիցներին քաղաքապետարանն ապահովել էր անհրաժեշտ գործիքներով եւ պարագաներով: «Ավելի մաքուր Երեւանը» հաջորդ շաբաթ Արաբկիր վարչական շրջանում է լինելու:





























