Բոսթոնի հայկական համայնքը 1,3 մլն դոլար է հավաքել Ղարաբաղում վերաբնակեցվող սիրիահայերին աջակցելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանում ծրագրի համակարգող Սուրեն Գրիգորյանը։
Այդ գումարով, «Արի» հիմնադրամի միջոցով, նախատեսում ենք վերաբնակեցվածների համար անասուն գնել, նաեւ՝ քոթեջների շինարարության մրցույթ հայտարարել։ «Միակ հարցը, որն ինքնուրույն չենք կարող լուծել, հողի հարցն է։ Նոր տերերին գոնե մեկական հեկար հող է պետք։ Հող տրամադրելու համար մտադիր ենք բանակցել ԼՂՀ կառավարության հետ», – ասաց Ս. Գրիգորյանը։
Ավելի վաղ հիմնադրամի աջակցությամբ Կովսականի (նախկին Զանգելանի) շրջանում վերաբնակեցվել էին Սիրիայի հյուսիսային հատվածի հայաբնակ գյուղերից եկած 30 ընտանիքներ։
««Արի» հիմնադրամը նրանց մինչեւ 1,5 միլիոնի առանց տոկոսի վարկեր էր տրամադրել՝ մեկ տարի ժամկետով։Նրանց հաջողվեց հող ստանալ, իսկ վարկերը, քանի որ առանց տոկոսի էին, հեշտությամբ մարվել են բերքի հաշվին», – մանրամասնել է Գրիգորյանը։ «Ցավոք, նոր վերաբնակեցվածներին մենք հողով չենք կարող ապահովել, ուստի ԼՂՀ իշխանությունների աջակցությունն ենք ակնկալում», – հավելեց նա։




























