«Ալեն-էլեն» ակումբի նախկին սեփականատեր Վլադիմիր Բեջանյանի հետ կապված վերջին միջադեպի գործով սկսված հետաքննությունը դադարեցվել է, սակայն նա շարունակում է պնդել, որ այն անհիմն է դադարեցվել եւ, որ իր հետ կապված վերջին միջադեպը ոչ թե դժբախտ պատահար էր, այլ մահափորձ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Վլադիմիր Բեջանյանը:
Նա մեջբերեց դատաբժշկի փորձաքննությունը, ըստ որի ստացել է մարմնական թեթեւ վնասվածք եւ առողջական կարճատեւ քայքայում, եւ ավելացրեց, որ այն արժանահավատ չի համարել եւ նոր դատաբժշկական եւ շինտեխնիկական փորձաքննություն է պահանջել: « Ես գրեցի, որ ես դրա հետ համաձայն չեմ, քանի որ ունեմ ականջացավեր, գլխապտույտ, գլխացավ եւ այլն, եւ այլն: Բացի այդ հիմնավոր փաստերով քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացրեցի: Սակայն, ոչ միայն մերժվեց քրեական գործի հարուցումը ու նոր դատաբժշկական փորձաքննության իրականացումը, այլեւ հետաքննությունը դադարեցրեցին»,- մանրամասնեց Վլադիմիր Բեջանյանը: Բայցեւայնպես, նա չի հանձնվել եւ նշեց, որ արդեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, նախագահ Սերժ Սարգսյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանին եւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին:
Իսկ քրգործ հարուցելը մերժելու որոշումը Բեջանյանը պայմանավորում է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին անձեռնմխելիությամբ: «Օրինակ, եթե ես ինչ-որ մեկին ապտակեմ ինձ կդատեն մարդասպանության համար, իսկ եթե Սամվել Մայրապետյանն է մարդ սպանում, նրան անգամ ապտակելու մեջ չեն մեղադրի»,- ավելացրեց Վլադիմիր Բեջանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ալեն-էլեն» ակումբի նախկին սեփականատեր, Աբովյան 3 շենքի սեփականատեր Վլադիմիր Բեջանյանը վնասվածքներ է ստացել եւ կասկածներ ունի, որ դա պատահականություն չէ: Մոտավորապես 30 մետր բարձրությունից բետոնի մեծ կտորները թափվել են նրանից կես մետր հեռավորության վրա եւ վնասել Բեջանյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը՝ Վլադիմիր Բեջանյանը, ով վայր է ընկել ստանալով ուղեղի ցնցում եւ ողնաշարի սալջարդ: Նա հանցագործության մասին հաղորդում էր տվել, որից հետո հանգամանքներն ուսումնասիրվում էին:



























