Քալիֆորնիայի դատարանը մեքսիկական «Տիխուանա» խոշոր թմրակարտելի առաջնորդներից Էդուարդո Արելյանո Ֆելիքսին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել թմրանյութերի վաճառքից ստացված փողերի լվացման մեջ: Նրան դատապարտել են նաեւ 50 միլիոն դոլար տուգանքի, հայտնում է Reuters-ը:
Էդուարդո Արելյանո Ֆելիքսը հայտնի է նաեւ Դոկտոր մականվամբ, նա կալանավորվել էր 2008թ. Մեքսիկայում: 2012թ. նրան արտահանձնել էին ԱՄՆ-ին: 56-ամյա թմրաբարոնը «Տիխուանա» թմրակարտելի ղեկավար չորս եղբայրներից վերջինն է, որոնք դատապարտվել կամ սպանվել են իրավապահ մարմինների ձեռքով, հայտնում է lenta.ru-ն:
Չորս եղբայրները` Արելյանո Ֆելիքս-Էդուարդոն, Ռամոնը, Բենժամինը եւ Ֆրանցիսկո Խավիերը, «Տիխուանա» թմրակարտելը ղեկավարում էին 1990-ականների սկզբին: Ռամոնը 2002թ. զոհվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: Մյուս երկու եղբայրները դատվել էին ԱՄՆ-ում` Բենժամինը 25տարի ժամկետով, Ֆրանցիսկո Խավիերը` ցմահ:
Արելյանո Ֆելիքսի ընտանիքի անդամները 2002թ. Սթիվեն Սոդերբերգի ստեղծած «Թրաֆիք» ֆիլմի հերոսների համար նախատիպ են ծառայել: Չորս «Օսկար» ստացած ֆիլմը պատմում էր մեքսիկական «Տիխուանա» եւ «Խուարես» թմրակարտելների պայքարի մասին:





























