Խորվաթիայի Մեջիմուրսկա ժուպանյա շրջանում «այլմոլորակայինի գլուխ» են գտել, 24 Sata-ի լրագրողների զրույցում հայտնել է Դոնյա Դուբրավա համայնքային միավորի ղեկավար Իվան Շտեֆիչը: Պաշտոնյայի խոսքով` «գլուխը» գտնվել է գերեզմանատանն աշխատելու ընթացքում:
Շտեֆիչը նշել է, որ գտածոն բավական փափուկ է, ռետին է հիշեցնում, աչքի խոռոչների նման խորություններ ունի եւ հաճելի բույր: Դոնյա Դուբրավայի ղեկավարը «գլխի» բույրը համեմատել է սափրվելուց հետո կիրառվող միջոցի բույրի հետ:
«Գլխից» բացի, հողում գտել են նման մեկ այլ առարկա` ավելի փոքր չափի: Գտնողները ենթադրում են, որ եթե առաջին գտածոն գլուխ է, ապա սա կարող է անհայտ արարածի սիրտը լինել, հայտնում է lenta.ru-ն:
Թերահավատները արդեն կասկածի տակ են դրել այլմոլորակայինի վարկածը: Ըստ նրանց` դա կարող է վոլեյբոլի հին գնդակ լինել, որը ժամանակի ընթացքում դեֆորմացվել է:





























