Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը գահից հրաժարվել էր երկնայինի խորհրդով.  նա  «միստիկ» պահ է վերապրել, որի ընթացքում հայտնություն է ունեցել:

«Աստված ասաց, որ ես հենց այդպես վարվեմ», -  հայտնել է Բենեդիկտոսը: Նախկին պապը նշել է, որ իր հաջորդ Ֆրանցիսկոս պապը հիանալի կատարում է  պարտականությունները, որը, ըստ նրա, եւս մեկ անգամ ապացուցում է, որ պապական աթոռից հրաժարվելը  ճիշտ քայլ էր, հայտնում է utro.ru-ն՝ վկայակոչելով  կաթոլիկ լուրերի գործակալությանը:

Հիշեցնենք, որ գահից հրաժարվելու վերաբերյալ Հռոմի պապի սենսացիոն հայտարարությունը հնչել էր փետրվարի 11-ին՝ Օտրանգոյի նահատակներին սրբերի շարքը դասելու  ժամերգության ընթացքում: Վատիկանի համար նորությունը միանգամայն անսպասելի էր: Նման դեպք տեղի էր ունեցել 1415թ.:

Վարկած էր առաջադրվել, որ պապին գահից հրաժարվելու էին դրդել մի շարք սկանդալները, որոնք տեղի էին ունենում վերջին ժամանակներս Վատիկանում:   Մասնավորապես, 2012թ. դեկտեմբերի կեսերին Բենեդիկտոս 16-րդը 200 էջանոց զեկույց էր ստացել՝ նույնասեռականության մեջ բացահայտված  իր  բարձրաստիճան հոգեւորականների մասին: