Յուրաքանչյուր երրորդ բրիտանացին քարտեզի վրա չի կարողանում գտնել իր հանգստի վայրը: Հարցման մասնակիցներին առաջարկված քարտեզի վրա երկրների անունները նշված չեն եղել:
Բրիտանացիներն ամենամեծ խնդրին բախվել են Կիպրոսը գտնելու փորձերի ժամանակ: Զբոսաշրջիկների 53%-ը դժվարացել են այն ցույց տալ քարտեզի վրա: Շատերը կարծել են, որ Կիպրոսը մայրցամաքային Հունաստանի մասն է, գրում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով British Airways Holidays-ի ուսումնասիրությունը:
Թուրքիայում հանգստացողների կեսը չեն գտել « երկու մայրցամաքները բաժանող այդ հսկայական երկիրը», իսկ ոմանք էլ այն շփոթել են Ուկրաինայի հետ, ասված է gazeta.ru-ի մեջբերած հոդվածում:
Պատասխանողների 31%-ը քարտեզի վրա այդպես էլ չեն կարողացել գտնել Պորտուգալիան (նրանք սխալմամբ Ֆրանսիան են մատնանշել), 36%ը դժվարացել են Նիդեռլանդների հարցում, 22%-ն էլ չեն գտել Գերմանիան:
«Մտահոգիչ է այն, որ բրիտանացիների 24%-ը քարտեզի վրա չեն կարողացել գտնել Իռլանդիան», - նշված է գրառման մեջ:





























