Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում արդեն բաշխվում են դասագրքերը, որոնք ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տրամադրում է դպրոցների տնօրենների՝ նախապես ներկայացրած հայտերում նշված քանակությամբ, ընդ որում՝ առաջինից չորրորդ դասարանների բոլոր դասագրքերը անվճար են, իսկ հինգից իններորդ դասարանների դասագրքերի համար ծնողները կարող են վճարել ուսումնական տարվա ընթացքում։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե դպրոցներին են բաշխվում նաեւ ուսումնաօժանդակ իրեր՝ աշխարհագրության ատլասներ, պաստառներ եւ այլն, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ։

Նոր ուսումնական տարվա նախապատրաստական բազմաթիվ միջոցառումներում ներառված է նաեւ դպրոցների հարակից փողոցների ճանապարհային գծանշման աշխատանքները եւ կահավորումը երթեւեկության նշաններով։