Մայրաքաղաքի կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքներին զուգահեռ` հատուկ ուշադրություն է դարձվում նաև գեղարվեստական լուծումներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե այս տարի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կանաչ տարածքներում, այգիներում ու պուրակներում, նաև որոշ բակային տարածքներում քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծրագրերով նախատեսված է ստեղծել շուրջ 90 կոմպոզիցիա: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է: Կանաչապատման գեղարվեստական ձեւավորումները տեղադրելիս հաշվի է առնվում նաև տարածքի գործառնական նշանակությունը:  Նախատեսվում է հետագայում ավելացնել դրանց թիվը:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի կանաչապատման գեղարվեստական կոմպոզիցիաները մայրաքաղաքում 30-ն էին: