Կոմիտաս 5-ում այսօր` օգոստոսի 24-ին, առավոտվանից նորից շինարարական աշխատանքներ են կատարվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Նա տեղեկացրեց, որ այժմ Կոմիտաս 5-ում ակտիվիստները եւ բնակիչները շարունակում են իրենց »պիկետը», կա նաեւ ոստիկանական բավական լուրջ ներկայացուցչություն:
«Առավոտյան շուտ մի քանի բանվոր են ներս թողնել, ծանր տեխնիկան դեռ չի աշխատում, աշխատում է կոմպրեսորը, փոսը խորացնելու սարքն է աշխատում, մի քանի բանվորներ էլ մասնակի բետոնապատման աշխատանք են կատարում: Փաստորեն, 5-7 օրով շինաշխատանքները դադարեցնելու խոստումները չեն կատարել»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Նշենք, որ Կոմիտաս 5 հասցեում պատրաստվում են կառուցել 7 հարկանի նորակառույց շենք, որը լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին երկու շաբաթների ընթացքում նորից վերսկսել: Շինարարությունն ուղեկցվել է բնակիչների, ակտիվիստների բողոքի ակցիաներով, երբեմն նաեւ նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներով:
Քիչ առաջ NEWS.am-ի խմբագրություն ահազանգեց Տիգրան Խզմալյանը եւ հայտնեց, որ արդեն սկսել են աշխատեցնել ծանր տեխնիկան` էկսկավատորը: Նա խնդրում է քաղաքացիական խմբերի, ակտիվիստների, նկարահանող խմբերի օգնությունը:





























