Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցի` աշխատանքից ազատման հրամանը դեռ չկա, բայց արդեն հայտնի է նրան փոխարինողի անունը: NEWS.am-ի տեղեկություններով` Արա Դոլունցի փոխարեն մարզպետի տեղակալ կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային սեյսմիկ ծառայության բաժնի պետ Ստեփան Բաղդասարյանը:
Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց մեր ունեցած տեղեկությունները: «Ոչ, դուք որտեղի՞ց եք լսել, տենց բաների մի հավատացեք: Հավաստի տեղեկությունները, որ դուք ունեք, ես չունեմ նման տեղեկություններ, նման բան չկա»,- ասաց Ստեփան Բաղդասարյանը:
Նա նշեց, որ իր հետ այդ թեմայով որեւէ քննարկում, խոսակցություն, առաջարկ չի եղել: Իսկ հարցին, թե նման առաջարկի դեպքում կթողնի Ստեփան Բաղդասարյանը իր ներկա պաշտոնը, թե ոչ, ապա նա այսպես արձագանքեց. «Մենք ծանոթ չենք չէ՞: Ես երկար խոսել չեմ սիրում: Ուրեմն` ժողովրդական մի ասացվածք կա` մինչեւ գետին հասնելը, կոշիկները չեն հանում. Նման առաջարկություն եթե չի եղել, ես ո՞նց պատասխանեմ` կթողնե՞մ պաշտոնը, թե՞ ոչ: Չեմ կարող ասել, որ չեմ ընդունելու այդ առաջարկը, եթե նման բան լինի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցը աշխատանքից ազատման դիմում գրել է օգոստոսի 22-ին: Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ մարզպետի տեղակալը օգոստոսի 22-ին աշխատանքից ազատման դիմումը ներկայացրել է վարչապետին, սակայն վարչապետի որոշումը դեռ չկա:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե Սյունիքի մարզպետի այլեւս նախկին տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Ի դեպ, Արա Դոլունցը դեռեւս մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու ժամանակվանից չի պատասխանում հեռախոսազանգերին, այժմ էլ շարունակում է նույն գործելաոճը:
Հիշեցնենք, որ նա երկար տարիներ աշխատել է Լիսկայի ձեռքի տակ եւ, ըստ լավատեղյակների, եղել է նրա կամակատարը: Գորիսի դժբախտ դեպքերից հետո, երբ Դոլունցին նշանակեցին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, Լիսկան բոլոր ջանքերը գործի էր դրել, որ Դոլունցը նշանակվի Սյունիքի մարզպետ: Այսպիսով, նա անձնական մարզպետ կունենար:
Ըստ ամենայնի՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը չի վստահել Դոլունցին, եւ վերջինս ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը:





























