Ագարակում հակառակորդի դիպուկահար կրակից  զոհված 20-ամյա Նորայր Արարատի Պետրոսյանին կհուղարկավորեն այսօր` օգոստոսի 25-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Նա նշեց, որ զինվորական կարգով հոգեհանգիստ կարվի, որից հետո Նորայր Ստեփանյանին կհուղարկավորեն Եղբայրական հուշահամալիրում: «Կլինի հանդիսավոր քայլ, Եղբայրական հուշահամալիրում պատվո պահակ, կրակահերթ, կհնչի Հայաստանի Հանրապետության հիմնը նվագախմբի կատարմամբ եւ  զինծառայողին կհուղարկավորեն Եղբայրական հուշահամալիրում»,-ասաց քաղաքապետը:

Նա նշեց, որ Քաջարանի քաղաքապետարանը եւ զորամասը օգնել են ընտանիքին: Ընտանիքին ֆինանսապես աջակցել է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, զինծառայողի ծնողներն աշխատում են այնտեղ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին, ժամը  11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնել է, թե ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերով /սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: