Երեւանի քաղաքապետարանի մոտից եւ Կոմիտաս 5 հասցեից 3 ակտիվիստներ վարչական բերման են ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ` Երեւանի քաղաքապետարանի մոտից երկու ակտիվիստի վարչական բերմամբ տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ Կոմիտաս 5 հասցեից ոստիկանության Արաբկիրի բաժին բերմամբ տարվել է Եղիա Ներսիսյանը: Երեք ակտիվիստների նկատմամբ Վարչական իրավախախտման մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով արձանագրություն է կազմվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ստիկանները ակտիվիստների են բերման ենթարկել թե Երեւանի քաղաքապետարանի մոտից, թե Կոմիտաս 5 հասցեից:
Այսպես, Երեւանի քաղաքապետարանի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 4 շաբաթ նստացույց անող երիտասարդներից երկուսին` Վահագն Մինասյանին եւ Սուրեն Սահակյանին, քանի որ նրանք փորձում էին մեքենայի վրա երկաթներ տեղադրել` արեւից պաշտպանվելու ծածկ պատրաստելու համար։
Իրավճակը շարունակում է մնալ լարված նաեւ Կոմիտաս 5 հասցեում, որտեղ այսօր առավոտվանից, խախտելով խոսոտումը, վերսկսել են շինարարությունը: Տարածքում մեծաթիվ ոստիկաններ, բնակիչներ ու ակտիվիստներ կան: Ինչպես նախորդ օրերին, այսօր եւս վիճաբանություն եւ քաշքշուկ է եղել ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ, ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներից Եղիա Ներսիսյանին:





























