Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ անցկացվել է «Ձմերուկային hրավառություն» խորագրով ժամանցային միջոցառում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե միջոցառման շրջանակում կազմակերպվել են խաղային մրցույթներ, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հայկական էստրադայի ճանաչված ու սիրված ներկայացուցիչներ, ովքեր իրենց ձեռքով ձմերուկ են կտրատել եւ հյուրասիրել բոլորին:
Մասնագիտացած տարբեր կազմակերպություններ էլ ցուցադրել են ձմերուկից պատրաստված հետաքրքիր կոմպոզիցիաներ, նաեւ մրցել միմյանց հետ՝ ամենահետաքրքիրն ու լավագույնը ճանաչվելու համար:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մայրաքաղաքում հանգիստն անցկացնողների համար հետաքրքիր եւ հիշարժան ժամանց ապահովելն է:
Կազմակերպիչները նաեւ նշել են, որ միջոցառմանը ամենամեծ ձմերուկով ներկայացած մասնակիցը արժանանալու է հետաքրքիր անակնկալի։
«Ձմերուկային հրավառության» երաժշտական ռիթմերն ապահովվել են DJ-ի մատուցած երաժշտական համարներով:
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը միջոցներ էր ձեռնարկել միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:





























