Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է բազմաթիվ ահազանգեր եւ հետեւել իրավիճակին մեր արագ արձագանքման խմբերի ու լրատվամիջոցների շնորհիվ:
«Այս միջադեպը նոր ցավ եւ դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է եւ այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի եւ այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը»,- ասվում է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարության մեջ:
«Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու եւ դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության եւ ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից` անթույլատրելի ու դատապարտելի:
Մեր մտահոգությունն ենք հայտնում նաեւ Երեւանի քաղաքապետարանի առջեւ բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ եւ հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական եւ բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության:
Հավելենք նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ստացված մեր բազմաբնույթ բողոքներից հասարակական լայն հնչեղություն են ձեռք բերել միայն այն դիմումները, որոնք վերաբերում են Երեւանի քաղաքապետարանի եւ Ոստիկանության գործունեությանը: Մեր դիմումատուները ակնկալում են մեր գնահատականները հետեւյալ հարցերի վերաբերյալ.
1. Որքանո՞վ էր իրավչափ քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացումը:
2. Արդյո՞ք ոտնահարվել են Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող մարդկանց իրավունքները:
3. Իրավակա՞ն է եղել արդյոք մայրաքաղաքում մեքենաների կայանման նոր համակարգի ներդրման որոշումն ու գործընթացը:
4. «Կոմայգու» տարածքում տեւական ժամանակ առկա պոռնկությունից եւ այլասերված դրսեւորումներից մարդկանց իրավունքներն ու բարոյականությունը պաշտպանելու բավարար միջոցներ ձեռնարկվե՞լ են, թե՞ ոչ:
5. Օրինակա՞ն է արդյոք Կոմիտաս 5 հասցեում նախատեսվող շինարարությունը:
6. Իրավաչա՞փ էին արդյոք Ոստիկանության գործողությունները օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Վերոհիշյալ յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ առաջիկայում առանձին հայտարարություններով հանրությանը կներկայացվեն մեր գնահատականները, հիմնավորումներն ու առաջարկությունները: Հայաստանյան օրենսդրության հստակ արգելքները եւ Օմբուդսմենների գործունեության միջազգային փորձը ստիպում է որոշակիորեն դանդաղել մեր իրավական եւ հրապարակային գնահատականներում: Ըստ մեր օրենքի` պետք է սպառել համապատասխան պետական մարմնի հետ դիրքորոշումների եւ հիմնավորումների ճշտման գործընթացը: Բացի այդ, անհրաժեշտ է բազմակողմանի եւ հավասարակշռված ուսումնասիրել նշված խնդիրներից յուրաքանչյուրը, որպեսզի Օմբուդսմենի գնահատականները զերծ լինեն օրվա զգայականությունից, միակողմանիությունից եւ մասնագիտական ցանկացած թերացումից: Վերջապես, մինչ գնահատականներ հրապարակելը անհրաժեշտ է գործել կառուցողական դաշտում եւ համապատասխան պետական մարմինների հետ գտնել մարդկանց իրավունքների պաշտպանության արդյունավետ լուծումներ, եւ միայն վերջիններիս անտեղի համառության պարագայում հրապարակել մեր գնահատականներն ու լուծումները»,- նշել է Կարեն Անդրեասյանը:




























