Ադրբեջանի «Ումիդ» կուսակցության անդամ, նախագահի թեկնածու Իգբալ Աղազադեի համար հայուհու զորակցությունը «սեւ PR» է դարձել:
Haqqin.az-ը հայտնում է, որ այս թեկնածուի օգտին ստորագրահավաքի ընթացքում բավական հետաքրքիր հանգամանք է նկատվել: Ստորագրությունները ստուգելիս պարզվել է, որ Ի. Աղազադեին սատարում է Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ հայ Արաքսի Սահակի Մուսթաֆայեւան:
Ի. Աղազադեն նշել է, որ մտադիր է ստանալ բնակչության բոլոր շերտերի աջակցությունը՝ անկախ ազգությունից: Ըստ նրա՝ չարժե դա «սեւ PR»-ի վերածել: Դա սոսկ վկայում է, որ «Ադրբեջանում լիակատար հանդուրժողական մթնոլորտ է»: «Ես այստեղ խնդիր չեմ տեսնում, այդ կինը եւս Ադրբեջանի քաղաքացի է: Սա ցույց տվեց աշխարհին, որ Ադրբեջանում հայերն ազատ ապրում եւ մասնակցում են երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Այն դեպքում, երբ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չես գտնի», - ասել է նա:
Ադրբեջանցի տարբեր դիրքի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե իբր Ադրբեջանում մի քանի հազար հայ է բնակվում: Եվ ահա հենց որ մեկ հայուհու անուն հայտնվեց նախագահի թեկնածուի համակիրների ցուցակում, սա իսկույն «սեւ PR»-ի թեմա դարձավ: Սա լավագույնս հաստատում է, որ «հանդուրժողականության» մասին բոլոր զրույցները օճառի պղպջակներ են, միջազգային հանրության աչքին թոզ փչելու փորձ:





























