Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային, Քաթարին ու Սաուդյան Արաբիային  մեղադրել է Սիրիայի ընդդիմադիր գրոհայիններին բացահայտ սատարելու համար:

Ռուսական «Իզվեստիա» թերթի հետ զրույցում խոսելով դաշնակիցների եւ հակառակորդների մասին՝ Ասադը նշել է, որ համաշխարհային ասպարեզում Սիրիային աջակցում են Չինաստանն ու Ռուսաստանը, իսկ տարածաշրջանային մակարդակում՝ Իրանը:

«Կան նաեւ երկրներ, որոնք անուղղակի են սատարում: Կան երկրներ, որոնք բացահայտ սատարում են Սիրիայի ահաբեկիչներին, դրանք են Քաթարն ու Թուրքիան», - նշել է նա՝ հավելելով, որ Քաթարն ահաբեկիչների հովանավորն է, իսկ Թուրքիան մարզում է նրանց եւ ապահովում է միջանցքները:

«Սաուդյան Արաբիան այժմ հովանավորության հարցում փոխարինում է Քաթարին (…) Թուրքիայի դրությունն այլ է: Շատ ափսոս, որ Թուրքիայի նման երկիրը կարելի է կառավարել մի քանի դոլարով: Ցավոք հսկայական երկիրը՝ ռազմավարական դիրքով ու առաջադեմ հանրությամբ, ղեկավարվում է Ծոցի երկրներից մեկի կողմից: Այս ամենի պատասխանատուն Թուրքիայի վարչապետն է», - նշել է նա: