Եթե ինձ կամ իմ ընտանիքին կամ իմ ընկերներին ինչ-որ բան պատահի,  անմիջական պատասխանատուն ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանն է: Այս մասին այսօր` օգոստոսի 26-ին, իր դատական նիստից առաջ հայտարարեց բնապահպան, ակտվիստ, օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեից ձերբակալված Եղիա Ներսիսյանը:

Նա շեշտեց, որ իրեն ձերբակալել են ոչ մի բան չանելու համար, լուսարձակի մոտ է կանգնած եղել, իրեն մոտեցել է փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը եւ հրահանգել հետեւել ոստիկանին: Եղիա Ներսիսյանը նշեց, որ Արայիկ Պետրոսյանը հրաման էր ստացել  իրեն ձերբակալելու:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում «սպիտակ վերնաշապիկով մի մարդ» սկսել է հայհոյել ակտիվիստին, անպատվել,  գոռգոռալ. «Ինձ ահագին անպատվեց` սկսած արտաքինից, հագած շորերից, ասաց՝ Հայաստանի ավիրման գործով ենք զբաղված»,- փոխանցեց ակտիվիստը:  Օրվա վերջում երկրորդ անգամ են նրան կանչել այդ անձի կաբինետ, վերջինս ասել է, թե «դու պետք է հպարտ լինես, որ ես քեզ կանչում եմ կաբինետ եւ գոռում եմ քեզ վրա» եւ «որպես տղամարդ զգուշացրել է, որ պետք է հեռու մնալ այդ ամեն ինչից»: Հակառակ պարագայում, նա իր անունից խնդրեց փոխանցել մյուս ակտիվիստներին, որ իրենց հետ վատ բաներ կպատահի:

«Սանձարձակ վիճակ է, ակնհայտ է, որ ոստիկանությունը վերեւից հրաման ունի, որ ծեծեք ժողովրդին: Թող ոչ մեկ չվախենա նման սպառնալիքներից, եթե ուզում են օրենքը պահել, թող գնան Մաշտոցի շուկան պահեն»,- հայտարարեց  Եղիա Ներսիսյանը

Հետագայում պարզվեց, որ այդ սպիտակ վերնաշապիկով անձը ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանն է, հետեւաբար Եղիա Ներսիսյանը հայտարարեց. «Եթե ինձ կամ իմ ընտանիքին կամ իմ ընկերներին ինչ-որ բան պատահի, անմիջական պատասխանատուն ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի պետ Ամիրխանյանն է»: