Ամեն դեպքում մեր երկիրը պետք է փորձի կյանքի կոչել «եւ, եւ» գաղափարը: Այս մասին օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի մասին հարցին:

Նրա խոսքով՝ քաղաքակիրթ աշխարհի արժեքները մենք պետք է յուրացնենք Եվրոպայից: «Իսկ երբ խոսքը գնում է ազգային անվտանգության մասին, ապա այդ ուղղությունը Հայաստանի համար պետք է առաջին տեղում լինի: Ինչ վերաբերում է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրին, ապա ես համոզված եմ, որ նախքան նախաստորագրվելը փաստաթղթի տեքստը կհրապարակվի եւ հանրային կարծիքը հաշվի կառնվի»,-ընդգծել է Մկրտիչ Մինասյանը, եւս մեկ անգամ ընդգծելով, որ մեր պետության համար «եւ,եւ» գաղափարը անհրաժեշտ է: Նա նաեւ նշել է, որ եթե Հայաստանի առջեւ դրվի «կամ, կամ» ընտրության անհրաժեշտությունը, ապա Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները եւ ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը պետք է Հայաստանի համար առաջնային լինեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանն ու Եվրամիությունը պետք է նախաստորագրեն Ասոցացման մասին համաձայնագրի վերաբերյալ փաստաթուղթ: