Պրիմորյեում դպրոցական աղջիկը դանակով հարձակվել է հարազատների վրա: Աղջկա հայրն ու խորթ մայրը լուրջ վերքեր են ստացել, 74-ամյա տատիկն էլ մահացել է: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին Պարտիզանսկում:
ՆԳՆ երկրամասային վարչությունից հայտնել են, որ ոստիկանները հարցաքննել են տուժած տղամարդու դստերը, ով խոստովանել է, որ քիչ է մնացել սպանի հարազատներին: Աղջկան ձերբակալել են, որոշվում է նրա նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցի հարցը:
Աղջիկը քննիչներին պատմել է, որ հարազատների վրա հարձակվել է, երբ նրանք քնած են եղել: Սկզբում մի քանի անգամ դանակով հարվածել է խորթ մորը, հետո՝ հորը եւ տատիկին: Սակայն խորթ մայրը կարողացել է դուրս վազել բնակարանից եւ գրավել հարեւանների ուշադրությունը: Աշակերտուհին պետք է հոգեբուժական զննում անցնի:
Ըստ որոշ տվյալների` աղջիկը նշել էր Հանքագործի օրը եւ հարբած էր տուն եկել: Ծնողները որոշել էին զրուցել հետը, ինչը վեճով էր ավարտվել: Արդյունքում աշակերտուհու խորթ մայրը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ հորն արդեն վիրահատարան են տեղափոխել, հայտնում է vesti.ru-ն:
Ըստ «Ռոսիյսկայա գազետայի»՝ կալանավորված աղջիկը խուլուհամր է: Ծնողների հետ վեճը տեղի էր ունեցել այն պատճառով, որ վերջիններս, ըստ աշակերտուհու, չափազանց խիստ են իր հանդեպ եւ թույլ չեն տալիս զբոսնել:





























