Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հերթական անգամ հայտնել է Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնելու պատրաստակամության մասին:

ԱՊԱ-ի հետ  հարցազրույցում Պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտնել է, թե «վճիռ կայացնելը բացառապես Հակոբի  իրավունքն է: Եթե նա որոշի հայրենիք վերադառնալ, Ադրբեջանի Հանրապետությունը նրան կօգնի այդ հարցում: Ընդհանրապես, պետական հանձնաժողովը գերիներին եւ պատանդներին երկար ժամանակով  պահելու կողմնակից չէ»:

Ըստ Շահին Սայիլովի` Հակոբ Ինջիղուլյանի գերի ընկնելու մասին ԿԽՄԿ-ն արագ տեղեկացվել էր, եւ նրան միջազգային կանոններին համապատասխան պայմաններ էին ապահովել: «Ինչպես Ձեզ հայտնի է, օգոստոսի 20-ին կոմիտեի աշխատակիցներն այցելել են նրան: Ինջիղուլյանի առողջական վիճակը եւ պայմանները լավ են», - հայտնել է կոմիտեի քարտուղարը: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ի գիշերը զինվոր Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ-ի տարածքում: Մեկ օր անց նա Բաքու էր տեղափոխվել: 12 օր Ադրբեջանի իշխանությունները  գերու մոտ թույլ չէին տալիս ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին` չնայած որ այդ ընթացքում նրանից «հարցազրույց» էին վերցրել:

Պատասխանելով Ֆիրուզ Ֆարաջեւին Ադրբեջան վերադարձնելու մասին հարցին` Շահին Սայիլովը հայտնել է, որ «չեզոք միջնորդ ԿԽՄԿ-ի կողմից դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չի ստացվել: Եթե հանձնաժողովը նման տեղեկություն ունենա, մենք կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ աշխատանք կիրականացնենք Ֆարաջեւին ազատելու համար»: 2012թ. հուլիսի լույս 26-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ հյուսիսարեւելյան շփման գծում Ադրբեջանի բանակի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւը հատել էր Հայաստանի սահմանը եւ հանձնվել: Մինչեւ վերջերս գերին հրաժարվում էր հայրենիք վերադառնալուց։ Սակայն օրերս գերին հայրենիք վերադառնալու ցանկություն էր հայտնել: