Միջազգային կառույցները կրկնակի ստանդարտներ են ընդունում՝ չնայած մարդու իրավունքների կոպիտ խախտումների, որոնք կապված են հայ ռազմագերու հետ: Այս մասին օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի նկատմամաբ ադրբեջանական կողմի վերաբերմունքին:

Նա ընդգծել է, որ զարմացած եւ վրդովված է, որ միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, կարող են ամեն դատարկ առիթով աղմուկ բարձրացնել, սակայն չեն քննադատում հայ ռազմագերու նկատմամաբ ադրբեջանական սադրանքները: «Մենք պետք է բարձրաձայնենք եւ պահանջենք, որպեսզի բոլոր հումանիտար կազմակերպությունները քննադատեն ադրբեջանական կողմի վարքը, որը կոպտորեն խախտում է Միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները»,-ընդգծել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հայ ռազմագերուն այցելել են միայն օգոստոսի 20-ին: