Ոստիկանները իրենց իսկ կողմից դաժան ծեծի ենթարկված «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ քրգործ են հարուցել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության հոդվածով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասել է, որ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 316-րդ կետի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Իսկ թե կոնկրետ որ կետով է գործը հարուցվել, ապա ոստիկանապետը նշեց, որ դա կախված է լինելու փորձաքննությունների պատասխանից:
Այժմ նշանակված են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ոստիկանները հաղորդում են ընդունել «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանից՝ նախօրեին ոստիկանական մեքենայում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Կիվիրյանի խոսքով, ինքը պատրաստ է յուրաքանչյուրի դեմքը ճանաչել, ով իրեն ծեծի է ենթարկել:
Բժիշկները Արգիշտի Կիվիրյանին խորհուրդ էին տալիս մնալ հիվանդանոցում: Սակայն ծեծի հետեւանքով գլխուղեղի ցնցում ստացած Ա.Կիվիրյանը հայտնել էր բժիշկներին, որ իրեն ավելի հանգիստ կզգա տանը և ուշ գիշերին հիվանդանոցից տուն էր գնացել:
Նշենք նաեւ, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում օգտատեր Վիգեն Նազարյանը գրել էր. «Եթե կարիք լինի ես ականատես եմ եղել բերման ենթարկելու պահին, մեքենայի մեջ ոնց էին մահակներով Արգիշտիի գլխին հարվածում երկու ոստիկան, երբ նրա մեջքին նստած էր մի այլ ոստիկան: Սա էլ թող ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում»: Լրատվամիջոցներում կան նաեւ բազմաթիվ տեսանյութեր, որոնցում երեւում է, թե ինչպես են բերման ենթարկում Արգիշտի Կիվիրյանին:





























