Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցություն է հրավիրել մանկապարտեզներում հերթագրված երեխաների լրացուցիչ ընդունելություն թույլատրելու հարցը քննարկելու նպատակով։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե խորհրդակցությանը մասնակցել են Երեւանի քաղաքապետի տեղակալներ, քաղաքապետարանի հանրակրթության եւ իրավաբանական վարչությունների պետերը, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները։

«Հնարավորությունները բազմակողմանի վերլուծելով, վստահ եմ, կարող ենք սահմանված չափորոշիչների եւ նորմատիվների համապատասխան մասամբ լուծել մանկապարտեզներում երեխաների ընդունելության խնդիրը»,- նշել է Երեւանի քաղաքապետը։

Տարոն Մարգարյանն առաջարկել է սեպտեմբերի 1-ից Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում թույլատրել լրացուցիչ ընդունելություն կատարելը, ինչի արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, մանկապարտեզ կընդունվեն եւս 1300 երեխաներ։

 Քաղաքապետը եւս մեկ անգամ ընդգծել է, որ երեխաների ընդունելությունը պետք է կատարվի սահմանված կարգին համապատասխան՝ օրենսդրության պահանջների պահպանմամբ, առաջնահերթությունը տալով հատկապես երեխաների ծնողների՝ Երեւան քաղաքի բնակիչ (մշտապես հաշվառված) լինելու եւ աշխատելու փաստին, բազմազավակ ընտանիքների երեխաներին, ՀՀ կառավարության կողմից սահմանված արտոնություններից օգտվող միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, ազատամարտիկների ընտանիքների, ինչպես նաեւ հաշմանդամ ծնողների ու միայնակ մայրերի  երեխաներին եւ այլն։